Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մերձավորարևելյան տարածաշրջանում տնտեսական և գեոքաղաքական նոր իրավիճակ է ձևավորվում

Մերձավորարևելյան տարածաշրջանում տնտեսական և գեոքաղաքական նոր իրավիճակ է ձևավորվում
21.03.2025 | 12:06

«Մերձավորարևելյան միջանցքը» դառնում է իրականություն՝ էապես նվազեցնելով Թուրքիայի լոգիստիկ նշանակությունը միջազգային տրանսպորտային հաղորդակցություններում:

Վերջերս գործարկվեց միջանցքի մաս կազմող Սաուդյան Արաբիա-ԱՄԷ-Հորդանան-Իսրայել երթուղին, որը կրճատում է Կարմիր ծովով և Սուեզի ջրանցքով բեռների փոխադրման ժամանակն ու ծախսերը մոտ 80%-ով։

Երթուղին միացնում է Ջեբել Ալի նավահանգիստը Իսրայելի Հայֆա նավահանգստին՝ անցնելով Ալ-Ռիադով և Ամմանով։ Ամենակարևորը՝ բեռնափոխադրումները չեն կարող թիրախավորվել եմենյան հութիների կողմից։ Սա նշանակում է, որ տարածաշրջանում տնտեսական և գեոքաղաքական նոր իրավիճակ է ձևավորվում։

Մերձավորարևելյան՝ Հնդկաստան-ԱՄԷ -Սաուդյան Արաբիա-Իսրայել (Հայֆա) -Հունաստան (Պիրեուս) միջանցքի ձևավորման մասին որոշումը կայացվել էր դեռևս 2023-ին՝ G20 գագաթնաժողովի շրջանակներում: Հատկանշական է, որ նախագծի իրականացման հարցում Բայդենի ու Թրամփի վարչակազմերի մոտեցումները գրեթե նույնական են: Թե՛ առաջինը, թե՛ երկրորդը մի քանի անգամ հայտարարել են, որ միջանցքը պետք է գործարկվի ու դառնա Մեծ Եվրասիայի կարևորագույն տրանսպորտային զարկերակը:

Մեծ հաշվով, «Մերձավորարևելյան միջանցքը» TRACECA (Եվրոպա-Կովկաս-Ասիա) տրանսպորտային միջանցքի նոր լոգիստիկ լուծումներից է: Իր հերթին, TRACECA-ն կոչված է, շրջանցելով Ռուսաստանը, տրանսպորտային կապ ապահովել Արևմուտքի և Ասիայի միջև՝ առավելապես թուրքական ենթակառուցվածքներով:

Հաշվի առնելով, որ Թուրքիան ավանդաբար դիրքավորվում է որպես Արևմուտքը Ասիային կապող առանցքային տրանսպորտային և էներգատրանսպորտային հանգույց, նոր միջանցքը շատ վտանգավոր կարող է լինել նրա համար։ Այստեղից էլ՝ Անկարայի բավական նյարդային արձագանքը G20-ի շրջանակներում ստորագրված կոմյունիկեին:

Միաժամանակ, «Մերձավորարևելյան միջանցքը» հակակշիռ է ձևավորում չինական «Գոտի և ճանապարհ» երկու մեգածրագրին, ինչպես նաև ռուս-իրանա-հնդկական «Հյուսիս-Հարավ» միջանցքին:

Հաշվի առնելով Իսրայելի դիրքերի ամրապնդումը Մերձավոր Արևելքում, ԱՄԷ-ի հետ նրա հարաբերությունների բարելավումը,

Սաուդյան Արաբիային «Աբրահամյան համաձայնագրերի» տիրույթ բերելու շատ իրատեսական հեռանկարը, ինչպես նաև Իրանի դիրքերի թուլացումը Սիրիայում ու Լիբանանում, «Մերձավորարևելյան միջանցքը» կարող է իրապես փոխել եվրասիական տրանսպորտային ճարտարապետությունը: Եվ այս հարցում ԱՄՆ-ի ու Իսրայելի շահերն առավել քան համընկնում են:

Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, իհարկե, Թուրքիայի լոգիստիկ թուլացումը (ներքաղաքական ապակայունացման հետ մեկտեղ) կարող է նվազեցնել, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի» ձևավորման հավանականությունը, եթե, իհարկե, Երևանը կարողանա ճիշտ ըմբռնել նոր աշխարհաքաղաքական կոդերը:

Վահե Դավթյան

Դիտվել է՝ 8430

Մեկնաբանություններ